ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք»

«Ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք»
06.02.2015 | 00:10

Երեկ «Իրատես de facto» ակումբում ԵՊՀ դոցենտ, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչության բաժնի վարիչ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ, անդրադառնալով մահմեդականացման-թուրքացման խնդրին, նշեց, որ Օսմանյան կայսրությունն ի սկզբանե համարվում էր դասական իսլամական տերություն և նոր տարածքներ գրավելով, անմիջապես այնտեղ իրականացնում էր յուրացման քաղաքականություն. «16-րդ դարում Oսմանյան կայսրությունը մոտավորապես 25 միլիոն բնակչություն ուներ, թուրք պատմագիրների վկայությամբ՝ քրիստոնյաներն այստեղ մեծամասնություն էին կազմում: Օսմանյան իշխանություններն ի սկզբանե խնդիր ունեին այդ տարածքները իսլամականացնելու, նաև ժողովրդագրական պատկերը վերաձևելու»:
Օրինակ՝ հպատակ քրիստոնյա երեխաներին հավաքագրել են, դաստիարակել մահմեդականի ոգով, հետագայում ենիչերիների շարքերը համալրելու նպատակով: Գեղեցկադեմ աղջիկներին ընտանիքներից խլելով՝ համալրել են հարեմը: Այս գործընթացը ստացել է «մանկաժողով» անվանումը: Ֆրանսիացի պատմաբան Լավալիեի հաշվարկով, երեք հարյուր տարում հավաքագրվել է մոտ 5 միլիոն երեխա:
Բանախոսը նշեց նաև, որ զանգվածային իսլամականացման քաղաքականություն է իրականացվել 17-րդ դարավերջից մինչև 18-րդ դարի առաջին քառորդը, ինչից տուժել է մասնավորապես հայոց Համշեն գավառը: Օսմանյան իշխանությունները չեն բավարարվել միայն կրոնափոխ անելով, նրանք հատուկ քաղաքականություն են վարել նաև լեզվական ձուլման նպատակով: Անգամ կան վկայություններ, որ հայերեն խոսելու համար կտրել են մարդկանց լեզուները: «Համշենում 7 հայերեն բառ գործածելը համարվում էր հայհոյանք, դրա դիմաց հարկ էին գանձում կամ պատժամիջոցներ էին կիրառում: Արդյունքում՝ դարերի ընթացքում Համշենի տարածքի հայությունը մոռանում էր մայրենի լեզուն,- փաստեց բանախոսը:- 19-րդ դարի վերջին օսմանյան իշխանությունները ծրագրեր էին մշակում ազգային փոքրամասնությունների տարրալուծման համար, որի գագաթնակետը Հայոց ցեղասպանությունն էր: Հետագայում այդ քաղաքականությունն ամրագրում է Հանրապետական Թուրքիան. 1924-ի Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք: Առայսօր այդ դրույթները գերիշխում են թուրքական սահմանադրության մեջ»:
Այսօր համշենցիների միջավայրում կարելի է հանդիպել մոլեռանդ մահմեդականների, ազգայնականների: Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է ֆեյսբուքյան էջ՝ համշենցիների ֆորում, որը ողողված է հակահայկական հոդվածներով. «Ֆորումի անդամները համշենցիների ֆաշիստական թեմի ներկայացուցիչներ են: Նրանք փորձում են ամբողջովին կեղծել հայոց պատմությունը, իրենց պատմությունը, ժխտում են, որ հայկական ծագում ունեն, իսկ Համշենի հայոց խոսվածքը հռչակում են թուրքական բարբառ: Մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, թերևս, հակահայկական տրամադրությունների ակտիվացումը նաև այս հանգամանքով է պայմանավորված»: Բանախոսը հավելեց, որ համշենցիների մի մասն էլ ընդունում է իր հայկական ծագումը, բայց ներկայանում է նոր ինքնությամբ, ասելով՝ ո՛չ հայ ենք, ո՛չ թուրք, համշենցի ենք: Կան նաև դեմոկրատական թևի ներկայացուցիչներ, սոցիալիստական գաղափարների կրողներ, որոնք ընդունում են հայկական ինքնությունն ու փորձում այդ միջավայրում ինչ-որ կերպ պահպանել համշենական մշակույթը, քանի որ ամենօրյա ձուլումն այսօր էլ առկա է:
Հավելենք, որ Լուսինե Սահակյանը նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վերնագրով, որտեղ փորձում է ի մի բերել այդ բոլոր երևույթները, ներկայացնել՝ ինչ հետևանքներ է թողել իսլամականացումը, ինչպիսի հայկական շերտեր են պահպանվել համշենցիների մշակույթում, կենցաղում, և ինչպիսի կորուստներ ենք ունեցել այդ տարածքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. - Զրույցը Լուսինե Սահակյանի հետ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 30174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ